«Հայաստանի իշխանությունները թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության մեջ իրենց ոչ պետական, ազգադավ, խմբակային մտածողությամբ տանուլ են տալիս երկրի ու ազգի առաջ ծառացած տարատեսակ մարտահրավերները»,- այդ մասին ասված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ, որ պատգամավորը նոյեմբերի 1-ին պիտի հնչեցնի Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում:

«Այսօր մեր արժանապատվությունը վերականգնելու առիթն է:

Հերի՛ք է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները, անկախ իրենց դիրքից, գործեն հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին եւ կամքին հակառակ: Դեռ մինչեւ ե՞րբ մեր դիվանագետները պետք է կատարեն մուրացկանի դեր: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ցավալի է, բայց իրականություն. այսօր հայաթափվում է մեր պատմական հայրենիքի Արեւելյան մասը»,- նշել է պատգամավորն ու հավելել. «Հայաստանի Հանրապետության անօրինական ձեւավորված իշխանությունները, հայ ժողովրդի առաջ գործած աննախադեպ հանցագործությամբ, ըստ էության, պահելով ու վերարտադրելով արյունոտ իշխանությունը, իրենց հետագա պաշտոնավարմամբ որեւէ ընդհանուր կապ այդպես էլ չունեցան հայ ժողովրդի եւ ներկայիս հայկական երկու պետությունների` Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերի, իղձերի ու տեսլականների հետ»:

Ըստ Փոստանջյանի՝ թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության մեջ «նրանք իրենց ոչ պետական, ազգադավ, խմբակային մտածողությամբ տանուլ են տալիս երկրի ու ազգի առաջ ծառացած տարատեսակ մարտահրավերները, ինչի ապացույցներն են` խոսքի ազատության բացակայությունը, կցորդ եւ հլու դատական իշխանությունը, շարունակաբար կեղծվող ընտրությունները, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, քաղաքական հայացքների համար հալածվող բազմաթիվ քաղաքացիներ` նորօրյա քաղբանտարկյալները, խաղաղ ցույցերի արգելումները եւ բռնաճնշումները եւ, որպես այս ամենի տրամաբանական շարունակություն` աճուրդի դրված սրբազան հայրենիքը` թուրքական արձանագրություններ եւ Արցախի տարածքների հանձնում»: