Ճապոնական ծովում հինգշաբթի մեկնարկել են ռուս-չինական համատեղ «Հյուսիս. Փոխգործակցություն-2023» զորավարժությունները։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Միջազգային  ռազմական համագործակցության պլանին համապատասխան՝ հուլիսի 20-23-ին Ճապոնական ծովի ջրավազանում տեղի են ունենալու ռուս-չինական համատեղ «Հյուսիս. Փոխգործակցություն-2023» ռազմածովային զորավարժությունները»,- տեղեկացրել են գերատեսչությունում։

Այնտեղ նշել են, որ համատեղ զորավարժությունների ընթացքում իրականացվելու են հականավակային խնդիրներ եւ ծովամարտ, նավերի ծովային եւ օդային պարեկում, նավերի պահպանություն եւ նավերի ջոկատների պաշտպանություն, հաղորդակցությունների անվտանգության ապահովում Ճապոնական ծովի ջրավազանում եւ օդային տարածքում։ Նախատեսված է համատեղ հրետանային հրաձգության իրականացում։

Գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունների հիմնական նպատակը Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային համագործակցության ամրապնդումն է, կայունության եւ խաղաղության աջակցումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։