Ղուրանի այրման նոր դեպքի (ակցիան հուլիսի 19-ին Ստոկհոլմում թույլատրվել էր ոստիկանության կողմից) դեմ ընդվզողները  ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն։ Ինչպես տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին եւ ականատեսին, ցույցի մասնակիցներն այրել են դիվանագիտական ներկայացուցչության շենքը։

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ դեսպանության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։ Բաղդադում Շվեդիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները չեն պատասխանել տեղի ունեցածը մեկնաբանելու գործակալության խնդրանքին։

Հունիսի 30-ին Բաղդադում տեղի էր ունեցել բողոքի նույնատիպ ակցիա։

Աղմկահարույց ակցիան ոստիկանության թույլտվությամբ տեղի է ունեցել հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնի Մեդբորյարպլաստեն հրապարակում։ 37-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան պոկել է Ղուրանի էջերն ու այրել։ Այդ օրը ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին Իդ ալ-Ադհան՝ գլխավոր կրոնական տոներից մեկը։ Հուլիսի 19-ին Ստոկհոլմի ոստիկանությունը բավարարել էր նման ցույց անցկացնելու դիմումն Իրաքի դեսպանության մոտ։