Պաշտպանությանը հատկացվող գումարների կրճատումները լուրջ ազդեցություն չեն ունենա երկրի պաշտպանունակության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը` հավելելով, որ որոշակի մտահոգություններ՝ կապված կրճատումների հետ, այնուամենայնիվ կա:

Ըստ Վարդան Խաչատրյանի` մտահոգողն այսօրվա դրությամբ այն է, որ հնարավոր պոտենցիալ հակառակորդ երկիր դիտարկվող Ադրբեջանի ռազմական բյուջեն զգալիորեն ավելի մեծ է, քան Հայաստանինը:

ԱԺ պատգամավորն ասաց, որ տնտեսական ճգնաժամի խորը ազդեցության պատճառով այս տարվա բյուջեն գերծանրաբեռնված է լինելու: «Գերլարված իրավիճակ է։ Պատկերացնել, որ բյուջեն կարող էր լինել հավակնոտ, ուղղակի չէր կարելի»,- նշեց նա:

Հարցին, իրատեսակա՞ն է արդյոք 2010 թվականի բյուջեի նախագիծը, Խաչատրյանը պատասխանեց, թե դա պարզ կլինի միայն քննարկումներից հետո: