Թուրքիայի ԱԳՆ-ը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստանում արած հայտարարությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք Սարկոզիի խոսքերն ընդունում են զարմանքով ու ափսոսանքով: «Ֆրանսիացի ժողովուրդը գնահատական կտա, թե որքանով են համապատասխանում ֆրանսիական ժողովրդավարությանը, մշակույթային եւ պետական ավանդույթներին նախընտական հաշիվների վրա հիմնված նման հայտարարությունները:
Չնայած որ, հայերի հետ մեր համատեղ պատմության այդ ցավոտ ժամանակաշրջանի վերաբերյալ խնդրին կողմ կամ ոչ կողմ հանդիսացող մի շարք երկրներում այն չի քննարկվում, Թուրքիայում այն կարելի է ազատ քննարկել:
Թուրքիան շարունակելու է կառուցողական մոտեցումները, թե ինչպես կարելի է բարելավել հայ-թուրքական հարաբերություններն ու ինչ ճանապարհով կարելի է լուծել 1915-ի իրադարձությունները»,-նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, թե Ֆրանսիան կհրաժարվի օրենսդրական կարգով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունումից, եթե Թուրքիան իր մեջ ուժ գտնի վերանայել իր պատմությունը:
Սարկոզիի այս հայտարարությանն անմիջապես արձագանքել էին Թուրքիայի Եվրամիության հետ հարցերի նախարար Էգեմեն Բաղըշն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Ցանկացած պետություն կամ հասարակություն, որն ունի գաղութային անցյալ եւ չի կարող հակադրվել իր սեփական պատմությանը, իրավունք չունի դասեր տալ Թուրքիային: Նրանք, ովքեր ցանկանում են, որ Թուրքիան նայի իր պատմության աչքերին, ապա թող իրենք նայեն հայելու մեջ»-ասել էր Թուրքիայի արտգործնախարարը:




























