Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հուլիսի 24-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բարձրացվեց ավտոբուսներում օդորակիչների հարցը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նոր MAN ավտոբուսներում օդափոխության համակարգը աշխատում է, եւ հետաքրքրվեց, թե արդյոք այդ համակարգն աշխատում է «Ժոնգտոնգ» ավտոբուսներում:
Զեկուցվեց, որ «Զոնգտոնգ» ավտոբուսներում նույնպես այդ համակարգն աշխատում է, բայց քաղաքացիներից լինելու են բողոքներ, որ օդը փչում է ուղեւորների գլխին, եւ վարորդները չգիտեն՝ միացրած պահեն, թե անջատեն:
«Կարծում եմ՝ ինչ-որ լուծումներ կարելի է գտնել հենց ավտոբուսների մեջ՝ օդի ուղղությունը փոխելու հնարավորություն ստեղծելով: Միացրած պահենք, որովհետեւ 37 աստիճանի դեպքում Երեւանում տրանսպորտում դժվար է երթեւեկելը: Ես առաջարկում եմ՝ լուծումների ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,-ասաց Ավինյանը:





























