Յակուտիայում ռազմատրանսպորտային Ил-76 ինքնաթիռի վթարի առնչությամբ, որ պատկանում էր Ռուսաստանին ՆԳՆ-ին, թռիչքների կանոնների խախտման հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Այս վարկածն այժմ ամենահավանականն է։ Վթարի իրական պատճառները պարզելու համար, որի արդյունքում 11 մարդ էր զոհվել՝ անձնակազմի 7 հիմնական եւ 4 փոխարինող անդամներ, Մոսկվայից հետաքննական խումբ է եկել Յակուտիա։ Ինչպես հայտնում է «Вести»-ն, ներկայումս ուսումնասիրում են վթարված ինքնաթիռի «սեւ արկղերը»։ Միայն դրանից հետո պարզ կդառնա վթարի իրական պատճառը։ Ի դեպ, ինչպես «Интерфакс»-ին հայտնել է ՆԳՆ գնդապետ Վասիլի Պանչենկովը, վթարի պահին բավականին լավ եղանակ է եղել։ Չնայած այն բանին, որ Ил-76-ի վթարի հիմնական պատճառ էր համարվում գերբեռնվածությունը, Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով այդ վարկածը բացառվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախօրեին՝ տեղական ժամանակով 8:49 րոպեին Սախայի հանրապետության (Յակուտիա) Միրնի քաղաքի օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա վթարի էր ենթարկվել Միրնիից Իրկուտսկ թռչող Ил-76 ինքնաթիռը։ Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են անձնակազմի 11 անդամներից 10-ի դիակները։