Հուլիսի 30-ի առավոտյան կանխվել է Մոսկվա քաղաքի օբյեկտների վրա  Կիևի ռեժիմի կողմից  ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակման փորձը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով  օդում ոչնչացվել է մեկ ուկրաինական անօդաչու։

Եվս երկու ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, կործանվել  Մոսկվա-Սիթի համալիրի  ոչ բնակելի շենքերի տարածքում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հարձակման հետևանքով  վնասվել են Մոսկվա-Սիթիի   երկու աշտարակների ճակատամասերը։

«IQ թաղամասի»  50 հարկանի շենքում ջարդվել են հինգերորդ և վեցերորդ հարկերի ապակիները։

Մոսկվա-Սիթի համալիրի շենքերից մարդկանց տարհանել են, իսկ «Օկո-2» աշտարակում փշրվել են առաջինից չորրորդ հարկերի պատուհանները։

Արտակարգ պատահարի պատճառով փակվել էր մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանը։ Ավելի ուշ օդանավակայանը վերաբացվել է։

Թռիչքներն արգելվել են Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի օդային գոտում։

Անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում մեկ մարդ է տուժել, վիրավորվել է «Օկո-2» աշտարակի պահակը։  Զոհեր չկան։