ՄԱԿ-ին կից Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նոր ղեկավարը դեմ է արտահայտվել «կլիմայական խուճապին»։

Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Ջիմ Սկիան ընդամենը մի քանի օր առաջ դարձավ Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի (IPCC) նոր ղեկավար։ Սակայն գիտնականն արդեն ձևակերպել է առանցքային ուղերձը․ մենք պետք է ձերբազատվենք կլիմայական խուճապից և ողջախոհություն դրսևորենք։

«Անընդհատ կրկնելը, թե բոլորս դատապարտված ենք, կաթվածահար է անում մարդկանց և թույլ չի տալիս նրանց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար», - ասել է Սկիան Deutsche Presse Agentur-ին տված հարցազրույցում: Der Spiegel-ին տված հարցազրույցում բրիտանացին ավելացրել է․ «Աշխարհը չի վերջանա, եթե մեկուկես աստիճանից ավելի տաքանա»:

Այսպիսով, Սկիանքննադատել է  այն սցենարները, որոնց մասին վերջին շրջանում խոսում են կլիմայի արմատական ​​ակտիվիստները։ «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեխնոլոգիաները և գործիքները հասանելի են, դրանք պարզապես պետք է կիրառել: Մարդկության ապագան մեր ձեռքերում է։ Եկեք օգտվենք դրանից», - ասել է Սկիան, տեղեկացնում է BILD-ը:

Բազմաթիվ երկրների ղեկավարների համար IPCC-ի զեկույցները դառնում են բնապահպանության  ոլորտում որոշումների կայացման  կարևորագույն  հիմքը: