Բելառուսում տեղակայված «Վագներ» ՄՌԿ-ի ավելի քան 100  վարձկաններ տեղափոխվել են Լիտվայի հետ Լեհաստանի սահմանին մոտ Սուվալկի միջանցք  (ցամաքային միջանցք Բելառուսի և Կալինինգրադիմարզի միջև, մոտ 100 կիլոմետր երկարությամբ,   գտնվում է Լեհաստանի և Լիտվայի սահմանին), հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Հավանաբար նրանք (վարձկանները) կքողարկվեն որպես բելառուս սահմանապահներ և կօգնեն անօրինական միգրանտներին մտնել Լեհաստանի տարածք՝ այն ապակայունացնելու համար։ Բայց հավանական է նաև, որ  փորձեն մուտք գործել Լեհաստան՝ ներկայանալով որպես անօրինական միգրանտներ, և դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում»,- ասել է Մատեուշ Մորավեցկին (մեջբերում է Polsat News-ը):

Բելառուսի տարածքում  «Վագների» վարձկանների ճամբարների հայտնվելուց հետո Լեհաստանի իշխանությունները որոշել են ուժեղացնել իրենց զորքերը արևելյան սահմանին, գրում է BBC-ն։ Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր բանակի թվաքանակը կրկնապատկելու ծրագրերի մասին՝ 172 000-ից հասցնելով 300 000 զինվորի։