Վրաստանի մի քանի քաղաքական կուսակցություններ և շարժումներ երկուշաբթի առավոտյան հանրահավաք են նախապատրաստում Բաթումի նավահանգստում, որտեղ կրկին մուտք է գործելու «Աստորիա Գրանդե» զբոսանավը։
Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիան», այս շաբաթ նավի առաջին ժամանումը մեծ աղմուկ էր բարձրացրել։
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը դեռ չի հաստատել նավի մուտքը, որն, ըստ չվացուցակի, պետք է Բաթումի նավահանգստում լինի ժամը 10.00-ին։ Նավի սեփականատերը կարող է դիմել գործակալությանը ժամանումից մի քանի ժամ առաջ։
Վրաստանի նախագահն աջակցում է բողոքի ակցիաներին, իսկ Վրաստանի իշխող կուսակցությունում, ընդհակառակը,նավի դեմ կատարվող գործողությունները «վայրենություն» են անվանում։ Կառավարության դիրքորոշումն այն է, որ նավը պատժամիջոցների տակ չէ, և արգելքի որևէ պատճառ չկա։ Նավը, որում ռուս զբոսաշրջիկներ են, նավարկում է Պալաուի դրոշի ներքո, գրանցված է Սեյշելյան կղզիներում և սպասարկվում է թուրքական զբոսաշրջային ընկերության կողմից։
Այս անգամ ռուս զբոսաշրջիկներին առաջարկվել է Աստորիա Գրանդե նավով զբոսաշրջություն RU.TV հեռուստաալիքի աստղերի հետ միասին։
Նրանց թվում են Hi-Fi խմբի նախկին մենակատար Միտյա Ֆոմինը, «Հանուն Ռուսաստանի» հայրենասիրական համերգների մասնակից, «Te100steron» երաժշտական խումբը, բելառուս երգիչ Դմիտրի Կոլդունը, ռուսաստանյան Filatov & Karas երաժշտական նախագիծը, հաղորդավարներ Իվան Չույկովը և Դմիտրի Օլենինը: Սոչի-Տրապիզոն-Բաթում-Ամասրա-Ստամբուլ-Սոչի նավարկության արժեքը սկսվում է 100 հազար ռուբլուց (1100 դոլարից):





























