Հունաստանն ու Կիպրոսը երկուշաբթի ողջունել են Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված Թուրքիայի քայլերը, հաղորդում է Reuters-ը:  

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, որոնց երկրները ԵՄ անդամ են, հայտարարել են, որ ողջունում են Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների վերականգնումը, սակայն այն պետք է լինի «աստիճանական» եւ, անհրաժեշտության դեպքում, «շրջելի»:

«Այս երկու բառով մենք պետք է առաջնորդվենք ։ Մենք կարող ենք լավատես լինել, բայց միամիտ չենք»,-ասել է Միցոտակիսը։

Խրիստոդուլիդիսը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում դրական օրակարգ սկսելը ենթադրում է նաեւ Անկարայի կողմից Կիպրոսի նկատմամբ դրական քայլեր:

«Կարեւոր է, որ ԵՄ մեր գործընկերները նույն տեսակետն ունենան»,-ասել է Խրիստոդուլիդիսը: 

«Երկու պետությունների մասին ցանկացած բաժանարար գաղափար ամբողջությամբ դուրս է մնացել քննարկման օրակարգից, եւ ես ցանկանում եմ դա հստակ նշել»,-ասել է Միցոտակիսը։

Կիպրոսը մասամբ օկուպացվել է 1974 թվականին թուրքական ներխուժումից հետո։

Ավելի վաղ Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը հայտարարել է, որ Կիպրոսի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիպրոսի հույները ճանաչեն ինքնիշխան հավասարությունը: