Շվեդիայի նկատմամբ սպառնալիքները մեծացել են Ղուրանի վերջին հրկիզումներից հետո, երեքշաբթի  հայտարարել է երկրի կառավարությունը՝ հավելելով, որ ուժեղացրել է սահմանային հսկողությունը՝ մարդկանց ձերբակալելու և խուզարկելու համար ոստիկանությանն ավելի մեծ լիազորություններ տալու նպատակով, տեղեկացնում է Reuters-ը:

Նոր օրենքը, որն ուժի մեջ է մտնում օգոստոսի սկզբից, ոստիկանությանն ավելի մեծ լիազորություններ է տալիս երկրի սահմաններում և շրջակայքում ստուգումներ իրականացնելու համար, ներառյալ անձնական զննումը, և թույլ է տալիս ուժեղացնել էլեկտրոնային հսկողությունը:

«Սահմանային հսկողությունը միջոց է, որը մեզ համար պայմաններ է ստեղծում՝ բացահայտելու Շվեդիա մուտք գործող մարդկանց, որոնք կարող են անվտանգության սպառնալիք ներկայացնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արդարադատության նախարար Գունար Շտրոմերը։

Վերջին շաբաթների ընթացքում Շվեդիայում և Դանիայում մի շարք բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում Ղուրանի օրինակներ են այրվել կամ անարգվել, ինչը վրդովմունք է առաջացրել մահմեդական երկրներում, որոնք արևմտյան կառավարություններից պահանջել են դադարեցնել հրկիզումները:

Երկուշաբթի Ղուրանի ավելի շատ հրկիզուներ եղան, և երկու երկրներն էլ հատարարեցին, որ ուղիներ են որոնում նման գործողությունների օրենսդրական սահմանափակման համար՝ փորձելով թուլացնել լարվածությունը:

Դանիայի անվտանգության ոստիկանությունը երկուշաբթի  հայտարարել է, որ, ինչպես Շվեդիայում, երկրում ճգնաժամի հետևանքով հարձակումների բարձր հավանականություն է նկատվում։

Երեքշաբթի  Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է, որ իրավիճակը «վտանգավոր է, բարդ և շահարկվում է նրանց կողմից, ովքեր ցանկանում են վնասել Շվեդիային», ներառյալ Ռուսաստանը, որը կարող է օգտվել իրավիճակից իր շահերից ելնելով:

«Գուցե դա արվում է, որպեսզի կանխվի Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին»,- ասել է Կրիստերսոնը մամուլի ասուլիսում։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, սակայն այս դիմումը դեռ չի վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը կփորձի հասնել Շվեդիայի հայտին հավանություն տալուն, բայց նաև զգուշացրել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ Շվեդիայում այրում են Ղուրանի օրինակները:

Կրիստերսոնը նշել է, որ կարևոր է լիցքաթափել իրավիճակը և  մարդկանց  խոսքի ազատությունը պատասխանատվությամբ և հարգանքով օգտագործելու կոչ է արել:

Ըստ վարչապետի, Շվեդիայի կառավարությունը նաև այնպիսի  փոփոխություններ է քննարկում, որոնք կարող են ոստիկանությանը հնարավորություն տալ կանխել Ղուրանի հրապարակային հրկիզումները, եթե դրանք սպառնում են  ազգային անվտանգությանը։

Այդուհանդերձ, ավելացրել է նա,  խոսքի ազատության մասին օրենքներում արմատական ​​փոփոխություններ չեն լինի: