Լեհաստանի ԱԳՆ-ն երեքշաբթի երեկոյան կանչել է Ուկրաինայի դեսպան Վասիլի Զվարիչին այն բանից հետո, երբ Ուկրաինայի ԱԳՆ-ն էր կանչել Լեհաստանի դեսպանին՝ Կիևի ապերախտության կապակցությամբ Վարշավայից արված քննադատության պատճառով, գրում է European Pravda-ն՝ հղում անելով Լեհաստանի ԱԳՆ-ին։
«Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Լեհաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ կենտրոնակայան՝ կապված Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների հետ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Լեհաստանի արտգործնախարարությունն այլ մանրամասներ չի հայտնել։
Երեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայում Լեհաստանի դեսպան Բարտոշ Ցիխոցկին կանչվել էր Կիևի արտաքին գործերի նախարարություն՝ Անջեյ Դուդայի վարչակազմի միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար Մարչին Պրշիդաչի հայտարարությունների պատճառով։
Լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Պրշիդաչը նշել է, որ Ուկրաինան իսկապես մեծ աջակցություն է ստացել Լեհաստանից, և որ նա «պետք է սկսի գնահատել այն դերը, որը Լեհաստանը խաղացել է Ուկրաինայի համար վերջին ամիսների և տարիների ընթացքում»։
Լեհ պաշտոնյայի համապատասխան հայտարարություններն արվել են Լեհաստանով ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակման հետ կապված իրավիճակի համատեքստում։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակը անհիմն է անվանել Վարշավայի հայտարարություններն այն մասին, թե Կիևը, իբր, չի գնահատում Լեհաստանի ցուցաբերած օգնությունը։





























