Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչությունը հոկտեմբերի 31-ին կուակցության շարքերից հեռացրել է օրեր առաջ ՍԴՀԿ-ին անդամակցած ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին:

ՍԴՀԿ վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ.-ի հոկտեմբերի 31-ին կայացել է ՍԴՀԿ վարչության արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է վերջերս «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված և ՍԴՀԿ-ին անդամագրված Վարդան Խաչատրյանի հարցը:

Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետի (Հայկական ազգային կուսակցություններից որևէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել՝ այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց)՝ ձայների մեծամասնությամբ դադարեցվել է Վ. Խաչատրյանի 7 օրյա անդամակցությունը ՍԴՀԿ-ին: Նշվել է նաև, որ նա կարող է դիմում ներկայացնել մեկ տարի անց, որը կքննարկվի վարչության կողմից:

Հիշեցնենք, որ Վարդան Խաչատրյանը Զոյա Թադեւոսյանի եւ Մովսես Արիստակեսյանի հետ միասին հեռացվել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությունից:

Ի դեպ, արդեն այսօր, սակայն, խոսակցություններ են պտտվում, թե ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը կրկին վերականգնել է Խաչատրյանի անդամությունը: