Հնագետները Վատիկանի մոտ մի կառույց են հայտնաբերել, որը կարող է լինել Ներոն կայսեր թատրոնը։ Ուսումնասիրողները  պեղել են որմնանկարներով զարդարված Palazzo della Rovere-ի բակը և հայտնաբերել կառուցվածքներ  և զարդարանքներ, որոնք կարող են թատրոնի մնացորդներ լինել, տեղեկացնում է ABCNews-ը։

Չորեքշաբթի Հռոմի հատուկ սուպերինդենտանտ Դանիելա Պորոն հայտարարել է, որ այս «բացառիկ» հայտնագործությունը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ Ներոնը բանաստեղծություններ և երաժշտական ​​ներկայացումներ է փորձել: Այս վայրը հիշատակված է հռոմեական գրություններում, սակայն մինչև հիմա դեռ չէր հայտնաբերվել։

Այս վայրում 2020 թվականից  պեղումներ են իրականացվում։ Ըստ հնագետների, իրենք կարողացել են գտնել կիսաշրջանի տեսքով տեղանք, ինչպես նաև մարմարե սյուներ, սվաղի վրա ոսկյա նրբաթերթ  զարդարանքներ, հանդերձների  և դեկորացիաների պահեստասենյակներ:

Պեղումներն իրականացվել են վիլայի սահմանափակ տարածքում, սակայն գիտնականներին հաջողվել է հայտնաբերել նաև այլ տպավորիչ գտածոներ։ Մասնավորապես, նրանք գտել են Horti di Agrippina-ի ավերակները, որտեղ Կալիգուլան կառուցել է մեծ կրկես ձիարշավի համար, ինչպես նաև միջնադարի արտադրության և ուխտագնացության գործունեության հետքեր, անգամ 15-րդ դարի արտեֆակտներ:

Առավել տպավորիչ գտածոներ  հնագետներն անվանում են միջնադարյան ապակե գավաթները, հաց պատրաստելու կճուճները, մետաղադրամները, երաժշտական ​​գործիքների բեկորները և ոսկորից պատրաստված սանրերը։ Բացի այդ, հայտնաբերվել են «գործիքներ», որոնցով ուխտավորների համար պատրաստվել են համրիչներ և քրիստոնեությանը պատկանելու փոքր նշաններ։

Հարկ է նշել, որ այս շրջանում պեղումները դեռ շարունակվում են։ Բացի այդ, հետազոտողները աշխատում են բոլոր հայտնաբերված իրերի ցուցակագրման և վերլուծության վրա: