Անցյալի ամենահետաքրքիր առեղծվածներից մեկը երկար ժամանակ համարվում էր այն շինությունների զարմանալի ամրության գաղտնիքը, որոնք կառուցել են հին հռոմեացիները։ Նրանք ավելի քան 2000 տարի առաջ օգտագործել են բետոն, որն անգամ այժմ չի կորցրել իր ամրությունը։
Հետազոտողներն ուշադրություն են դարձրել դրա անսովոր բաղադրությանը, որի բաղադրիչներից մեկը պուցոլանն էր։ Դա հրաբխային մոխրի խառնուրդ էր, որը կարելի էր մեծ քանակությամբ գտնել Պոցուուլի քաղաքի շրջակայքում։ Պուցոլանը կրին եւ ջրին խառնելով հռոմեացիները ստացել են բետոն, որը կարողացել է դիմանալ հազարամյակներ։
Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ հին հռոմեական բետոնի նմուշներում կիր կար։ Տպավորություն էր ստեղծվում, որ բետոնը չէր խառնվում ինչպես հարկն է, ինչն էլ նրանց հանգեցրել է հնագույն բետոնի գաղտնիքը լուծելուն, տեղեկացրել է «Տեխկուլտը»։ Սկզբում տարածված էր այն կարծիքը, որ հռոմեացիները բետոնի պատրաստման համար օգտագործել են հանգած կիր։ Սակայն հետազտությունները թույլ են տվել հասկանալ, որ նրանց տեխնոլոգիան պահանջում էր բացառապես չհանգած կրի օգտագործում։
Չհանգած կրի եւ ջրի շփման ժամանակ սկսվում է ռեակցիա, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ։ Դա ապահովում էր ստացվող բետոնի մի քանի կարեւոր առավելություններ։ Նախ՝ կրճատվում էր պնդանալու ժամանակը, ինչը զգալիորեն պակասեցնում էր շինարարության ժամկետները։ «Չխառնված» կրի կտորները բետոնի մեջ իրենց սեփական կարեւոր դերն են խաղում։ Եթե բետոնը սկսում է ճաքել, ճաքի մեջ ջուր է հայտնվում։ Հասնելով կրին՝ այն առաջացնում է կալցիումի կարբոնատի լուծույթ, որը հուսալիորեն «սոսնձում» է ճաքը։ Այսպես է ձեռք բերվել Հին Հռոմի շինությունների ինքնատիպ ամրությունը։
Գիտնականները ստուգել են իրենց եզրակացությունները փորձով։ Նրանք թեստավորել են տարբեր բաղադրություններ ունեցող բետոնի եւ դասական բետոնի մի քանի նմուշներ։ Միայն չհանգած կրով բետոնն է ի վիճակի եղել վերականգնվել ճաքելուց հետո։





























