Արևմտյան պետությունները տարհանում են իրենց քաղաքացիներին Նիգերից, որտեղ իշխանությունը զավթել են պուտչիստները։
Ֆրանսիան Նիգերի ռազմական խունտային կոչ է արել լիովին երաշխավորել Նիամեում ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը։ Օգոստոսի 3-ին Ֆրանմսիայի արտգործնախարարությունը Նիգերի ուժայիններին կոչ է արել ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցները։
DW-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նիգերցի պուտչիստներին հիշեցրել է նաև միջազգային իրավունքի և հատկապես Վիեննայի կոնվենցիայի վրա հիմնված պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։
ԱՄՆ պետքարտուղարությունը, Նիգերում տիրող անհանգիստ իրավիճակի հետ կապված, կարգադրել է երկրում ամերիկյան դեսպանատան աշխատակիցներից մի քանիսին և նրանց ընտանիքներին լքել Նիգերը, ասվում է դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Դեսպանությունը կշարունակի գործել սահմանափակ հիմունքներով և «կարող է միայն արտակարգ օգնություն ցուցաբերել Նիգերում գտնվող ամերիկացիներին», ասվում է հայտարարության մեջ։
Գերմանիայի մոտ 40 քաղաքացի նույնպես լքել է Նիգերը վերջին երկու օրվա ընթացքում՝ օգտվելով ֆրանսիական տարհանման չվերթերից, նույն օրը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։





























