Հունական Կոս կղզում բենզինի գինը հասել է մեկ լիտրի դիմաց 3 եվրոյի։ Հունական pronews.gr տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ սա պատմական առավելագույնն է ողջ երկրի համար։

Դա այդպես չէր նույնիսկ 2022 թվականին, երբ ամբողջ Հունաստանում բենզինի գները զգալիորեն գերազանցեցին 2 եվրոն` էներգետիկ ճգնաժամի պատճառով, նշում է պորտալը։

Բենզալցակայանները պարտավոր են վառելիքի շուկայում տիրող իրավիճակի մասին Հունաստանի հատուկ մոնիտորինգի կենտրոնին տեղեկացնել ամեն անգամ, երբ փոխում են վառելիքի գինը։ Հունական կղզիներից այս կենտրոնի ստացած տվյալներից պարզ է դառնում, որ բենզինի գները բարձրացել են, գրում է թերթը։ Միլոս կղզում AI-95 բենզինի գինը հասել է 2,45 եվրոյի մեկ լիտրի համար, Պատմոսում՝ 2,37 եվրո մեկ լիտրի դիմաց, Նիսիրոսում՝ 2,36 եվրո մեկ լիտրի դիմաց, Լերոսում՝ 2,35 եվրո։ Միջին գինը երկրում կազմում էր 1,962 եվրո մեկ լիտրի համար, մինչդեռ հուլիսի 1-ին այն կազմում էր 1,863 եվրո մեկ լիտրի դիմաց:

Ըստ հրատարակության՝ Հունաստանն ունի բենզինի ամենաբարձր գներից մեկը Եվրոպայում՝ հիմնականում 24 տոկոս ԱԱՀ-ի, սոցիալական ապահովության հարկի և ևս երկու հարկերի շնորհիվ, որոնք կառավարությունը համառորեն հրաժարվում է նվազեցնել։ Հարկերը կազմում են հանրապետությունում բենզինի գնի 60%-ը։