Հայաստանը չի պատրաստվում պատմական մերձեցման գնալ Թուրքիայի հետ՝ ղարաբաղյան հարցում զիջումների գնալու գնով, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն արդեն ավարտվել են, եւ երկու կողմերն էլ պարտավոր են արագ քայլեր կատարել դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման ուղղությամբ՝ համաձայն երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների, որոնք ստորագրվել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:

«Ինչո՞ւ ենք մենք ստորագրել արձանագրությունները, եթե չենք պատրաստվում վավերացնել եւ կյանքի կոչել: Կարծում եմ՝ ողջ միջազգային հանրությունը սպասում է արագ վավերացման եւ փաստաթղթերի կետերի նկատմամբ հարգանքի»,- հայտարարել է Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է նաեւ, որ «եթե կողմերից մեկը խոչընդոտներ հարուցի վավերացման եւ արձանագրոթյունների դրույթները կյանքի կոչելու դեմ, ամբողջությամբ պատասխանատու կլինի բացասական հետեւանքների համար: Հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան խնդիրը երկու առանձին հարցեր են, եւ դա ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ միջազգային հանրության կարծիքն է»:

Վերջում Նալբանդյանը հավելել է, թե «դրական դինամիկա կա, սակայն ես չեմ կարծում, որ լուրջ կլինի խոսել, թե վաղը, մեկ ամիս հետո կամ շատ կարճ ժամկետում մենք կհասնենք համաձայնության»: