Իրավիճակը, որ այժմ առկա է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, չի կարող հավերժ շարունակվել, եւ բոլորը պետք է նպաստեն հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը եւ այլն։ Այս մասին «Время новостей»-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ում խոսքով, տարածքային խնդիրների լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում դինամիզմ նկատվում է հատկապես անցած տարվա վրացական պատերազմից հետո։
Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ Սեմնեբին նշել է, որ «այդ երկիրն արդեն սկսել է Կովկասում իրավիճակի փոփոխության տանող քայլեր անել»։ ԵՄ հատուկ ներկայացուցիչի խոսքով, Ռուսաստանի կողմից հայաստանյան ինֆրակառույցների մեջ ներկայումս արվող ներդրումները կարող են փոխհատուցվել միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ներկա դրությունը առաջընթա՞ց է հայկական դիվանագիտության համար, Սեմնեբին նշել է, որ «մերձեցման ազդանշանը ոչ միայն Հայաստանի կողմից է եղել»։ Եւ չնայած, նրա խոսքով, այս հարցում հայկական կողմի հետաքրքրվածությունն «անվիճելի է», Թուրքիան, իր հերթին, գիտակցում է, որ «ամբողջ տարածաշրջանում շոշափելի դեր կարող է խաղալ, եթե այդ հարցը լուծվի», չէ՞ որ Հայաստանի հետ խնդիրները «շատ բաներում սահմանափակում են նրա հնարավորություները Հարավային Կովկասում»։
Հարցազրույցի ընթացքում Սեմնեբին խոսել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի եւ տարածաշրջանային երկու հարցերն իրար կապելու մասին, հայտարարելով, որ նմանօրինակ փորձերը կարող են ձախողել երկու գործընթացներն էլ. «Կարելի է հեշտորեն ընկնել մի իրավիճակի մեջ, երբ կրկին կփակվեն հարաբերությունների կարգավորման հնարավորությունները»։ Նրա խոսքով, «պետք է այնպես անել, որ երկու հարցերը որքան կարելի է դրականորեն ազդեն միմյանց վրա»։




























