Համաշխարհային բանկը հայտարարել է, որ չի քննարկի Ուգանդային նոր վարկեր տրամադրելու հարցը, երբ արևելյան աֆրիկյան այդ երկիրը այս տարվա սկզբին ընդունեց միասեռականների դեմ օրինագիծը, որը դատապարտել են իրավապաշտպան և այլ կազմակերպություններ, հաղորդում է Associated Press-ը:

Համաշխարհային բանկը խումբ էր ուղարկել Ուգանդա այն բանից հետո, երբ օրենքը ուժի մեջ մտավ մայիսին և որոշել, որ լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ՝ ապահովելու համար, որ նախագծերը համապատասխանեն բանկի բնապահպանական և սոցիալական չափանիշներին:

«Ոչ մի նոր պետական ​​ֆինանսավորում Ուգանդայի համար չի ներկայացվի մեր գործադիր տնօրենների խորհրդին, քանի դեռ չի ստուգվել լրացուցիչ միջոցառումների արդյունավետությունը։ Մեր նպատակն է պաշտպանել սեռական և գենդերային փոքրամասնություններին խտրականությունից և բացառել դա մեր  ֆինանսավորած ծրագրերում: Այս միջոցները ներկայումս քննարկվում են իշխանությունների հետ», - ասվում է Համաշխարհային բանկի խմբի երեքշաբթի տարածած հայտարարության մեջ:

Մայիսին ընդունված նոր օրենքը նախատեսում է մահապատիժ միասեռական բնույթի որոշ արարքների համար։ Օրենքը  լայն աջակցություն է վայելում երկրի ներսում։

Համասեռականությունը քրեականացված է Աֆրիկայի 54 երկրներից ավելի քան 30-ում: