ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը դեռ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ է: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՍԴՀԿ մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանը:
«Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Հայաստանի վարչությունն իր որոշումը ծրարով ուղակել է ՍԴՀԿ Կենտրական վարչությանը, որն էլ առաջիկայում քննարկելու է Վարդան Խաչատրյանի հարցը: Վարդան Խաչատրյանը դեռ ՍԴՀԿ անդամ է»,- նշեց Գալստյանը:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հոկտեմբերի 31-ին արտահերթ նիստ էր գումարել եւ ձայների մեծամասնությամբ դադարեցրել էր Վարդան Խաչատրյանի 7-օրյա անդամակցությունը ՍԴՀԿ-ին:
Հիշեցնենք, որ Վարդան Խաչատրյանը Զոյա Թադեւոսյանի եւ Մովսես Արիստակեսյանի հետ միասին հեռացվել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությունից:
Ի դեպ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, վերջինս հայտնեց, թե շատ զբաղված է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին:




























