«Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորները խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է վերաշարադրել գործող օրենքի 5-րդ հոդվածը, որի համաձայն՝ տարիներ շարունակ ապրիլի 24-ը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հոդվածի վերախմբագրմամբ՝ «Ժառանգությունը» առաջարկում է ոչ աշխատանքային հիշատակի այդ օրը նշել նաեւ որպես Հայրենազրկման դատապարտման օր:
«Ցեղասպանությունը` որպես հետեւանք, հանգեցրեց հայության Հայրենազրկման եւ Հայրենասպանության: Իր իսկ բնօրրանում սպանդի ենթարկված ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքից: Այս իրողությունը մեկ ընդհանուր ողբերգություն է, որն առավել ամբողջական է դարձնում Ցեղասպանության փաստը: Հարկավոր է կատարված ողբերգությունն ընկալել այդ ամբողջության մեջ, եւ հիշատակի օրը արժեվորել այդ համատեքստում:
Սույն օրենքի ընդունմամբ կամբողջանա Ցեղասպանության իրական պատկերը, դրանով կամրագրվի հայկական հողերից նրա բնիկ ժառանգների հիմնարար եւ օրինական պատմական իրավունքներից զրկելու դատապարտումը»,- նշում են պատգամավորներն ու հավելում. «Այն թույլ չի տա մեր ժողովրդի հավաքական հիշողությունից ջնջել մարդկության դեմ իրագործած այդ ոճիրը, որը հայ սերունդներին զրկել է իրենց քաղաքակրթությունից, ժառանգությունից եւ հայրենիքից»:
Ավելին, ըստ պատգամավորների՝ «սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը վերստին կարժեւորի Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ Հայրենազրկման իրողությունը»:




























