Կոսովոյում անմահացրել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին: Պրիշտին քաղաքում, Քլինթոնի անվան փողոցում, հայտնվել է 3,5մ բարձրությամբ արձան: Բրոնզե Քլինթոնը բռնել է փաստաթղթեր, որի վրա նշված է Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների սկսման տարեւթիվը: Դա տեղի է ունեցել 1999 թվականի մարտի 24-ին: Իրադարձության առիթ հանդիսացող անձը ելույթ ունեցավ կոթողի բացման արարողության ժամանակ, հազարավոր ալբանացիների առջեւ, հայտնում է «Վեստի»-ն:

"Դուք լավ եք սկսել: Ես հպարտանում եմ ձեզնով: Ես ուրախ եմ, որ իմ փոքրիկ լուման ներդրեցի այս գործընթացում, եւ հիմա ես միայն խնդրում եմ ձեզ առավելագույն ձեւով օգտագործել այս հնարավորությունը,-հայտարարել է 1993-2001 թ.ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը:

Աղբյուրը նշում է, որ հենց Բիլ Քլինթոնն է եղել Հարավսլավիայի դեմ իրականացրած գործողության գլխավոր նախաձեռնողը, որը փաստացի բաժանեց Կոսովոն Սերբիայից:

Կոսովոյի կարգավիճակի հարցը մեծ վեճեր եւ հակամարտություններ առաջացրեց: Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմաօդային եւ ռազամածովային ուժերի ակտիվ ռազմական գործողությունների ու արտաքին ճնշումների հետեւանքով Հարավսլավիայի իշխանությունները ստիպված էին Մետոխիայից եւ Կոսովոյի ինքնավար մարզից հանել զինվորական եւ ոստիկանական ուժերը՝ դրանով իսկ վերջ դնելով փաստացի վերահսկողությանը նրանց նկատմամբ: 2008 թվականի փետրվարի 17-ին, Կոսովոյի խորհրդարանը հայտարարեց Սերբիայից անկախացման եւ Կոսովոն, որպես ինքնիշխան պետություն, ձեւավորման վերաբերյալ:

Սակայն, համաձայն Սերբիայի օրենսդրության, խորհրդարանը անջատման համար անհրաժեշտ լիազորություններով օժտված չէ, այդ պատճառով էլ անկախացման հայտարարությունները օրինական չէին, եւ Կոսովոն նախկինի նման մտնում է Սերբիայի կազմի մեջ՝ որպես Կոսովոյի եւ Մետոխիայի ինքնավար մարզ: