Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ գերթեթեւ քաշային կարգում IBF/WBA/WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը թեթեւ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը տանուլ տվեց Գանայի ներկայացուցիչ Ջոզեֆ Աքբեկոյին, նշել է, թե ինքը սխալ մարտավարություն էր ընտրել՝ փորձելով նոկաուդային հարվածներ հասցնել հակառակորդին։

«Ես այսօր շեշտը դրել էի նոկաուդային հարվածների վրա եւ պարտվեցի։ Հակաճառել չեմ կարող։ Ես կրկնում էի միեւնուն սխալները եւ պատժվեցի։ Սա արդարացում չէ։ Ես սխալ տակտիկա էի ընտրել եւ բավականաչափ խելացի չէի գործում։ Մրցակիցս իրեն ավելի լավ դրսեւորեց։ Ես կդիտեմ մարտի տեսագրությունը եւ կուղղեմ սխալներս», ասաց Դարչինյանը։

Հիշեցնենք, որ սա պրոֆեսիոնալ բռնցքամարտում Դարչինյանի երկրորդ պարտությունն էր, իսկ մինչ այդ նա պարտվել էր ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրուին։

Մոտ ժամանակներս հայ բռնցքամարտիկը պետք է որոշում կայացնի, թե պաշտպանելու է արդյոք առաջին թեթեւ քաշային կարգում իրեն պատկանող IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին՝ ընդդեմ պարտադիր թեկնածու Սիմֆիվե Նոնգկվայիի, թե կշարունակի ելույթները արդեն թեթեւ քաշային կարգում։