Թուրքիան սկսեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց ոչ թե այդ երկրի նկատմամբ բարիդրացիական ցանկություններից, այլ որովհետեւ դա բխում էր իր շահերից: Նման տեսակետ նոյեմբերի 2-ին «Время новостей» թերթին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքերով՝ տվյալ քայլը Թուրքիայի՝ հարեւանների նկատմամբ նոր քաղաքականության առաջին դրսեւորումներից էր: Ու թեեւ հարցի լուծումը, ինչպես նշել է Սեմնեբին,Հայաստանի համար կենսական խնդիր է, «Այդ գործընթացն ավարտելը վերջիվերջո բխում է Թուրքիայի շահերից»: Նա նաեւ համոզմունք է հայտնել, թե Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները կվավերացվեն, միաժամանակ նշելով, որ հարյուր տոկոսանոց երաշխիքներ չի կարող տալ:

«Կարգավորումը նոր հնարավորություներ կբացի, բարենպաստ կերպով կազդի անվտանգության եւ տնտեսության վրա»,- հավելել է նա: Լրագրողի դիտարկմանը, թե հայ-թուրքական գործընթացում, նաեւ ղարաբաղյան հարցում ամեն մի առաջընթացից հետո Հայաստանի, Ադրբեջանի, անգամ Ղարաբաղի առաջնորդները գալիս են Մոսկվա, Սեմնեբին նշել է, թե Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում որեւէ մեկի համար գաղտնիք չեն, եւ նա ցանկանում է պահպանել դրանք:

«Դա դրական գործոն է, որ Ռուսաստանը հստակ կապում է իր շահերը կարգավորման այդ բարդ գործընթացների հետ: Եթե Ռուսաստանը ակտիվ դեր խաղա այդ գործընթացներում, մենք միայն կողջունենք դա»,- ասել է Սեմնեբին եւ հավելել, թե Ռուսաստանը հսկայական տնտեսական հետաքրքրություններ ունի Հայաստանում, եւ շահագրգիռ է նրա տնտեսական զարգացմամբ, «իսկ Հայաստանի տնտեսական բարգավաճման կարեւոր գործոնը սահմանների բացումն է»:

Խոսելով Հայաստանի հետագա եվրատլանտյան ինտերգրման հեռանկարների մասին՝ Թուրքիայի հետ խնդիրները լուծելուց հետո, Սեմնեբին նշել է, թե Հայաստանն առանց դրա էլ մասնակցում է ԵՄ շատ ծրագրերում: նա նաեւ նշել է, թե շուտով սկսվելու են ԵՄ-ի հետ ասոցիացման բանակցությունները. «Հայաստանի եվրաատլանտյան ինտեգրումը շարունակվելու է՝ անկախ սահմանների բացումից», նշել է նա: