Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի մայրուղում կիրակի վաղ առավոտյան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նահանգի ռազմահրշեջ բրիգադին։

Ավտոբուսը տեղափոխում էր «Կորինտիանս» ֆուտբոլային թիմի երկրպագուներին այն բանից հետո, երբ նրանք ներկա էին գտնվել «Կրուզեյրոյի» դեմ հանդիպմանը  Մինաս Ժերայս նահանգի Բելու Օրիզոնտե մայրաքաղաքում:

Ուղևորները հայտնել են, որ ավտոբուսում 43 մարդ է եղել։  Արգելակները խափանվել են տեղական ժամանակով ժամը 02:50-ի սահմաններում, ավտոբուսը ընկել է ձորը և շրջվել, ասել են հրշեջները:

Հրշեջ ծառայությունը հայտնել է նաև, որ տուժել է 36 մարդ, որոնցից 27-ը տեղափոխվել է հիվանդանոց,  մեկի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։