Թուրքիան ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում երբեք այնքան ակտիվ չի եղել, որքան այսօր։ Այս մասին նոյեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը։

Նրա խոսքով, Թուրքիայի ակտիվության պատճառը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են։ Կարապետյանը նշել է, որ այս իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ը չպետք է հանդես գա ՀՅԴ-ի դիրքորոշման դեմ,այլ պետք է հստակ հայտարարի, որ միջազգային պակտիկայում անընդունելի է, երբ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է երրորդ երկրի շահերով։

Նրա խոսքով, հարաբերությունների կարգավորման հաստատման բոլոր խելամիտ ժամկետները սպառվել են, եւ այսօր արդեն պետք է Թուրքիայի հանդեպ, իբրեւ Հայաստանին շրջափակման մեջ պահող երկիր, պատժամիջոցների հարց բարձրացնել։

Հրայր Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն շարունակելու է արձանագրությունների վավերացման դեմ ստորագրահավաքը։ Արձանագրությունները դեռ պետք է ՍԴ ներկայացվեն։ Նա խոստացել է, որ խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացն այնքան հարթ չի ընթանա, ինչպես պատկերացնում են մի քանի քաղաքագետներ։