Կլիմայի հարցերով եվրահանձնաժողովի ղեկավար Ֆրանս Թիմերմանսը կթողնի իր պաշտոնը Եվրահանձնաժողովում և կմասնակցի նոյեմբերին Նիդեռլանդներում կայանալիք համազգային ընտրություններին, հայտնում է Reuters-ը։
Երեքշաբթի Նիդեռլանդների ձախ լեյբորիստակաները և «կանաչները» հայտարարել են, որ Թիմերմանսը կլինի իրենց առաջնորդը նոյեմբերի 22-ի համընդհանուր ընտրություններում:
Թիմերմանսը, ում պաշտոնավարումը Եվրահանձնաժողովում ավարտվում է հաջորդ նոյեմբերին, հուլիսին ասել էր, որ ցանկանում է Նիդեռլանդների հաջորդ վարչապետը դառնալու հնարավորություն ստանալ։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ Թիմերմանսը լքելու է պաշտոնը լեյբորիստների և «կանաչների» հայտարարությունից հետո:
Հանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սեֆկովիչը և տնտեսութան հարցով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին կարող են ստանձնել Թիմերմանսի պարտականությունները, քանի որ երկուսն էլ աշխատել են նրա հետ տարբեր նախագծերի վրա:
Ակնկալվում է, որ Նիդեռլանդները Եվրահանձնաժողովի անդամի նոր թեկնածու կառաջադրի, սակայն այս թեկնածուն ինքնըստինքյան չի ստանա այն նույն պարտականությունները, ինչ ուներ Թիմերմանսը։
Թիմերմանսը, ով բացի իր մայրենի հոլանդերենից տիրապետում է անգլերենին, գերմաներենին, ֆրանսերենին, իտալերենին և ռուսերենին, Նիդեռլանդներում հայտնի դեմք է, 2012-2014 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Բրյուսելում գրեթե մեկ տասնամյակ անցկացնելուց հետո Թիմերմանսը կմասնակցի 2006 թվականից ի վեր Նիդեռլանդների առաջին ընտրություններին, որտեղ հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեն չի ղեկավարի իր պահպանողական VVD կուսակցությունը:
Ռյուտեն ցնցեց երկիրը հուլիսին՝ հայտարարելով իր հեռանալու մասին այն բանից հետո, երբ իր չորս կուսակցությունների կոալիցիոն կառավարությունը չկարողացավ համաձայնության գալ միգրացիոն քաղաքականության շուրջ:




























