Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան երեքշաբթի հայտարարել է, որ BRICS դաշինքը կոչված է կազմակերպելու զարգացող հարավը, այլ ոչ թե մրցակցելու Միացյալ Նահանգների և G7 երկրների հետ, հաղորդում է Reuters-ը։
«Մենք չենք ցանկանում հակակշիռ լինել G7-ին, G20-ին կամ Միացյալ Նահանգներին: Մենք պարզապես ցանկանում ենք ինքնակազմակերպվել»,- գրել է նա սոցցանցերում Յոհանեսբուրգ ժամանելուց հետո, որտեղ այսօր մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը։
Նրա խոսքերը վկայում են դաշինքի երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդների հայացքների տարաձայնության մասին, որոնք ժամանել են Յոհանեսբուրգի գագաթնաժողովին, որը քննարկելու է խմբի ընդլայնումը, քանի որ նրա անդամներից ոմանք ձգտում են այն վերածել Արևմուտքի հակակշռի, նշում է Reuters-ը։
«Աշխարհում աճող լարվածությունը, որը հրահրվել է Ուկրաինայի պատերազմով և Պեկինի ու Վաշինգտոնի միջև աճող մրցակցությամբ, դրդել են Չինաստանին և Ռուսաստանին ձգտել ամրապնդել BRICS դաշինքը:
Այնուամենայնիվ, ընդլայնված BRICS-ի նրանց տեսլականը, որը կարող է մրցակցել ամերիկյան և եվրոպական գլոբալ գերակայության հետ, որոշ անդամների կողմից թերահավատությամբ է ընդունվել:
Գագաթնաժողովը հյուրընկալող Հարավային Աֆրիկան երեքշաբթի առավոտյան ընդունեց պետական այցով ժամանած Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին, որը BRICS-ի ընդլայնման առաջատար ջատագովն է, այնուհետև հանդիպումներ ունեցավ խմբի մյուս առաջնորդների հետ»,- գրում է ԶԼՄ-ն:
BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում, նախագահողը Հարավային Աֆրիկան է։ Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորի խոսքով, գագաթնաժողովում «հնգյակի» երկրների ղեկավարները կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։
Ավելի քան 20 երկրներ պաշտոնական դիմումներ են ներկայացրել միավորմանը միանալու համար:




























