Ավստրիայում բանավեճ է ընթանում այն տան վերակառուցման ծրագրի շուրջ, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ Իշխանությունները մտադիր են այնտեղ ոստիկանների համար ուսումնական կենտրոն ստեղծել։ Շատերը դեմ են դրան, քանի որ դա Հիտլերի երազանքն է եղել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ավստրիական Բրաունաուում գտնվող տունը, որտեղ ծնվել և վաղ մանկության տարիներին ապրել է Ադոլֆ Հիտլերը, շարունակում է գլխացավանք մնալ իշխանությունների համար։ Շենքի վերակառուցման մեկնարկից մեկուկես ամիս էլ չանցած քաղաքապետարանը բախվել է հասարակության մի մասի բողոքին։ Մարդիկ ահազանգում են, որ դե ֆակտո կատարվում է Հիտլերի կամքը։
«Տան վերաբերյալ մեր որոշումը նվազագույն չափով իսկ չպետք է արտահայտի նրա կամքը»,- նկատել է ռեժիսոր Գյունտեր Շվայգերը։ Իր վավերագրական ֆիլմի համար, որը ցուցադրվելու է տան դարպասների մոտ, նա արխիվային նյութեր է ուսումնասիրել և գտել Հիտլերի ուղիղ հրահանգը, որ իր տոհմական տունը պետք է ծառայի պետությանը։
Իշխանություններն իրենց հերթին նշում են, որ առանձնատան վերանորոգումը խորհրդանշական ժեստ է դառնալու։ Վերակառուցումը պետք է սկսվի հոկտեմբերին և ավարտվի 2025 թվականին, այն կարժենա 20 մլն եվրո։



























