Չնայած Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ունեցած հակասություններին՝ երկխոսությունը նրանց միջեւ ակտիվանում է։ Այդ մասին նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բրիտանացի գործընկերոջ՝ Դեյվիդ Միլիբենդի հետ հանդիպմանը, ով նախօրեին Մոսկվա էր ժամանել։ Լավրովը հույս է հայտնել, որ Լոնդոնի հետ հարբերությունները շարունակական կլինեն։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան մի շարք միջազգային հարցերում, «որտեղ, իսկապես, բոլոր պետությունների համախմբումն է պահանջվում, որոնք այս կամ այն կերպ կարող են նպաստել այդ խնդիրների լուծմանը»։

Իր ռուս գործընկերոջ հետ համաձայնության գալով երկկողմ հարաբերությունների խորացման հարցի շուրջ, Միլիբենդը նշել է, որ այսօր երկու երկրներն էլ «հնարավորություն ունեն միասին դիմագրավել մարտահրավերներին, որոնց բախվում են իրենց երկրները»։

Ի դեպ, ինչպես հայտնում է «Вести»-ն, Մոսկվա կատարելիք այցի նախօրեին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը հայտարարել է, որ այդ այցից երկու երկրների միջեւ առկա տարաձայնությունների լուծման չի սպասում, սակայն մտադիր է Սերգեյ Լավրովի հետ քննարկել արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր։ «The Financial Times» թերթի հետ հարցազրույցում Միլիբենդը նշել է, որ արդյունավետ երկխոսության հույս ունի ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ Աֆղանստանի, Իրանի եւ Մերձավոր Արեւելքի շուրջ։

Արժե նշել, որ Միլիբենդի այցը վերջին հինգ տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի առաջին այցն է Ռուսաստան։

Ի դեպ, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն, իր այցի ընթացքում Միլիբենդը կշոշափի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը։ Նրա խոսքով, մինչ այցը՝ Միլիբենդը Վրաստանին սատարող հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին նա կունենա ԵՄ երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։