Դաշնակցությունը ողջունում է ղարաբաղցի պատգամավոր Արմեն Սարգսյանի առաջարկությունը՝ քրեական պատասխանատվության ենթարկել այն հայտարարությունների համար, որոնք կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին նոյեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը։
Նրա խոսքով, դա բխում է ԼՂՀ Սահմանադրությունից. կասկածի տակ դնել տարածքային ամբողջականության հարցը, նշանակում է խախտել երկրի հիմնական օրենքը։ Նա հիշեցրել է, որ ՀՅԴ-ն է եղել Հայոց Ցեղասպաության ժխտման դեպքում պատասխանատվության ենթարկելու օրինագծի նախաձեռնողը։ Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, իր հերթին, օրինագծի այլ տարբերակ է մշակել, որը, սակայն, ՀՅԴ-ին չի ներկայացվել։ «Բայց մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, քանի որ այն ոչ միայն բարոյաքաղաքական, այլ նաեւ իրավական կողմ ունի»,- նշել է նա՝ ավելացնելով, որ կարելի է քննարկել այս կամ այն տերմինի փոփոխության հարցը, բայց դրանից փաստաթղթի էությունը չի փոխվի։
Հիշեցնենք, որ ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Արմեն Սարգսյանը ելույթ էր ունեցել հայտարարությամբ, որի համաձայն՝ այն տարածքներում, որտեղ գործում են ԼՂՀ օրենքները, հակաօրինական է խոսել տարածքների հանձնման մասին։ Նրա խոսքով, նմանօրինակ բոլոր հայտարարությունները պետք է հակասահմանադրական համարել։




























