Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության 3 անդամներ` Ալբերտ Գաբրիելյանը (ՍԴՀԿ անդամ 1991թ), Ալեքսանդր Ալեքյանը (ՍԴՀԿ անդամ 1993թ) եւ Էդիկ Պետրոսյանը (ՍԴՀԿ անդամ 2001թ) հայտարարություն են տարածել, ըստ որի՝ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել էլեկտրոնային կայքերում: «Նա մասնավորապես հայտարարել է, որ „Ժառանգություն“ կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանը դեռեւս ՍԴՀԿ անդամ է: Ն. Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանրադառնա վարչության նիստում: Ինչ վերաբերվում է Վ. Խաչատրյանին ապա, որպես ՍԴՀԿ վարչության անդամներ հայտարարում ենք` Վ. Խաչատրյանը 2009 թ.-ի հոկտեմբերի 31-ից այլեւս ՍԴՀԿ անդամ չէ եւ ոչ ոք իրավասու չէ`hամաձայն ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի (ընդունված 03.07.2002թ) եւ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագրի, բեկանել ԿՎ-ի որոշումը: Վ. Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանրադառնա 1 տարի անց»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն հոկտեմբերի 31-ին դադարեցրել էր ԱԺ պատգամավորի անդամությունը, իսկ այսօր Նարեկ Գալստյանը հայտարարել էր, թե Վարդան Խաչատրյանը դեռ կուսակցության անդամ է: