Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերանորոգումից հետո բացում է իր դռները։ Այս մասին տեղեկացնում է Կայսերիի հայկական եկեղեցու կայքէջը։

Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը եւ առաջին պատարագը կլինի նոյեմբերի 7-8-ը։ Այս ամենը կիրականացվի Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի մասնակցությամբ։

Կայսերիի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու հիմնվել է 1191 թվականին։ 2008 թվականի սեպտեմբերի 28-ից ընթանում է եկեղեցու տանիքի եւ ճակատային հատվածի շինարարությունը։ Վերանորոգման աշխատանքներին մոտիկից ծանոթանալու համար 2009-ի ապրիլի 28-ին Կայսերի է եկել Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Աթեշյանը։ Նա հանդիպել է Կայսերիի նահանգապետ Մեւլութ Բիլիջիի հետ, ով իր գոհունակությունն է հայտնել արքեպիսկոպոսի այցի առթիվ։ Արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել է նաեւ Կայսերիի քաղաքապետ Մեհմեդ Օզհասեքիի հետ։ Կայսերիի քաղաքապետը հայտնել է, որ ձեռքից եկածը կանի՝ հայկական եկեղեցու բնականոն գործունեության համար։ 1996 թվականին եւս եկեղեցին որոշակի վերանորոգման էր ենթարկվել։ Այդ եկեղեցում 8 տարի ծառայություն կատարող Կարապետ Իտթեփեյանը նշել է, որ տարին երկու անգամ ստամբուլահայերը գալիս են եկեղեցի՝ կրոնական արարողության համար։

Թուրքական Hurrıyet-ի փոխանցմամբ՝ Կայսերիի քաղաքապետը եկեղեցու վերաբացման մասին հայտնել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին։ Ի դեպ՝ Կայսերին Թուրքիայի նախագահի ծննդավայրն է։