«ԼՂՀ-ի ճանաչումը Կոսովոյից առաջ ճանապարհ կբացի ԼՂ-ի պետականության ճանաչմանը մյուս պետությունների կողմից»,- այս մասին նոյեմբերի 2-ին «Դուպլեքս» ակումբում հայտարարել է ժառանգություն կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Պատգամավորի հավաստմամբ` Հայաստանի կողմից ԼՂ-ի, որպես առանձին հանրապետության, իրավական ճանաչումը կլուծի բոլոր գոյություն ունեցող հարցերը:
«Եթե մենք չենք ճանաչում ԼՂ հանրապետությունը, դժվար է դա պահանջել միջազգային հանրությունից»,- նշեց նա, ընդգծելով, որ այն պետք է ճանաչել որպես երկրորդ հայկական պետություն` բոլոր տեսակի հարաբերությունները իրավական դաշտում կառուցելու համար:
«ԼՂ հանրապետության ճանաչումը, կհանգեցնի նրան, որ առանձին միջազգային կառույցներ կսկսեն այլ վերաբերմունք ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ»,-հայտարարեց է պատգամավորը:
Ժառանգության անդամի պարզաբանմամբ՝ իշխանությունների բերած այն հիմնավորումները, ըստ որի՝ ԼՂ չպետք է ճանաչվի որպես հանրապետություն, համոզիչ չեն:
«Նրանց խոսքով, դա պատերազմի կհանգեցնի, ինչը տրամաբանական չէ»,- ասում է նա՝ շարունակելով, որ ԼՂՀ պետք է ճանաչել, որպեսզի նա հանդես գա իր սահմաններով, եւ բանակցությունները ընթանան ի շահ Արցախի հայ ժողովրդի:
«Հայաստանը Արցախի հետ պետք է սկսի օրինական իրավական հարաբերություններ: Եթե երկու կողմերը նստեն մի սեղանի շուրջ, ապա դա միջազգային հանրության կողմից ճանաչում կբերի»,- եզրափակեց Բախշյանը:




























