Հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներն են քննարկվել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Մասահարու Կոնոյի հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը նոյեմբերի 2-ին իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել Նալբանդյանին: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը, իսկ դեսպան Կոնոն ասել է, թե կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: