Չնայած Աֆղանստանում ներքին վիճակի վատացմանը եւ հաճախակի ահաբեկչություններին՝ ՄԱԿ-ը չի նախատեսում այդ երկրից իր աշխատակիցների դուրսբերումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է այցով Քաբուլում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
Կազմակերպությունը, գլխավոր քարտուղարի խոսքով, հետագայում եւս կաջակցի երկրի զարգացմանը եւ միլիոնավոր աֆղանցիների մարդասիրական օգնությանը։
Արժե նշել, որ գլխավոր քարտուղարի այցն անակնկալ է եղել, քանի որ նախատեսված էր, որ նա Մեծ Բրիտանիա եւ Հունաստան պետք է ժամաներ։ Ինչպես ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում, Քաբուլում Բան Կի Մունը կհանդիպի երկրի գործող նախագահ Համիդ Քարզայի եւ երկրորոդ փուլից իր թեկնածությունը հանած Աբդուլահ Աբդուլահի հետ։
Ի դեպ, արեւմտյան մի շարք գործակալություններ, վկայակոչելով երկրի ԿԸՀ-ին, հայտնում, են, որ նոյեմբերի 7-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլն, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա գործող նախագահի միակ մրցակցի՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու պատճառով։
АР գործակալության տվյալներով, երկրորդ փուլի չկայանալու մասին հայտարարել է Աֆղանստանի ԿԸՀ-ի ներկայացուցիչ Դաուդ Ալի Նաջաֆին։
France Press-ի տվյալներով, Աֆղանստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրություններում արդեն իսկ հաղթող է հայտարարել Համիդ Քարզային։




























