Գաբոնը շաբաթ օրը վերաբացել է իր սահմանները, հայտնել է բանակի խոսնակը, երեք օր անց այն բանից հետո, երբ դրանք փակվեցին ռազմական հեղաշրջման ժամանակ, որը տապալեց նախագահ Ալի Բոնգոյին, հաղորդում է Reuters-ը:
Չորեքշաբթի օրը գեներալ Բրիս Օլիգուի Նգուեմայի գլխավորած զինվորականները գրավեցին իշխանությունը, Բոնգոյին տնային կալանքի տակ դրեցին և Նգուեմային նշանակեցին պետության ղեկավար՝ վերջ տալով Բոնգո ընտանիքի 56 տարվա կառավարմանը։
Հեղաշրջումը, որը երեք տարվա ընթացքում ութերորդն է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում, մտավախություն է առաջացրել տարածաշրջանում ռազմական վերահսկողության տարածման մասին՝ շրջելով վերջին երկու տասնամյակի ընթացքում ձեռք բերված ժողովրդավարական առաջընթացը:
Հեղաշրջման առաջնորդները միջազգային ճնշման տակ են հայտնվել՝ քաղաքացիական կառավարումը վերականգնելու պահանջով, սակայն երեկ երեկոյան հայտարարել են, որ չեն շտապի ընտրություններ անցկացնել:
Ցամաքային, ծովային և օդային սահմանները բացվեցին, քանի որ խունտան «մտահոգված էր օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի, մեր հարևանների և աշխարհի բոլոր ազգերի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ» և ցանկանում էր կատարել իր «միջազգային պարտավորությունները»,- ազգային հեռուստատեսությամբ ասել է բանակի խոսնակը:
Բոնգոն ընտրվել է 2009 թվականին՝ հաջորդելով իր հանգուցյալ հորը՝ Օմարին, ով իշխանությունը վերցրել է 1967 թվականին։ Ընդդիմախոսներն ասում են, որ ընտանիքը քիչ բան է արել Գաբոնի նավթի և հանքարդյունաբերության հարստությունը կիսելու համար:
Գաբոնում իշխանության գրավումը տեղի է ունենում Գվինեայում, Չադում և Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումներից հետո, գումարած՝ երկու-ական Մալիում և Բուրկինա Ֆասոյում՝ 2020 թվականից ի վեր, ինչն անհանգստացնում է միջազգային տերություններին, որոնց ռազմավարական շահերը վտանգված են:





























