Բաքվի դպրոցներից մեկում խոլերա է հայտնաբերվել։ Համաճարակի կասկածանքով այսօր՝ նոյեմբերի 2-ին, հանրապետական մանկական հիվանդանոց է տեղափոխվել № 67 դպրոցի երկրորդ դասարանում սովորող Ֆարիդ Նիֆտալիեւը։ Ինչպես հայտնում է Vesti.az-ը՝ հղում անելով ANS TV-ին, տղայից վերցված անալիզները հաստատել են վարակի առկայությունը նրա արյան մեջ։
Վիրուսի հայտնաբերումից հետո դասասենյակում ախտազերծում է անցկացվել, եւ նմուշներ են վերցվել։ Ինչպես գործակալությանը հաղորդել է երկրի հակահամաճարակային կենտրոնի փոխտնօրեն Շաիր Գուրբանովը, այդ դեպքը համապատասխանում է իրականությանը. «Այժմ հակահամաճարակային բաժանմունքը սպասում է հետազոտությունների արդյունքներին»։
Նրա խոսքով, առողջապահության նախարարությունը միայն մանրամասն հետազոտություններից հետո կվերլուծի դրությունը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի։




























