Բոլորովին էլ անսովոր չէ հայկական լրատվական կայքերում անգլերեն եւ ռուսերեն տարբերակներ տեսնել: Բայց վերջերս ինչ-որ անսովոր բան է կատարվում. հայկական կայքերը թուրքերեն տարբերակով էլ են հեռարձակվում, գրում է թուրքական Zaman պարբերականը:
Այդ կապակցությամբ պարբերականը հիշատակում է NEWS.am, Tert.am գործակալություններն ու «Ազգ» թերթը, որպես թուրքերենով առաջինը հեռարձակող պարբերականներ:
Այնուհետ թերթը մեջբերում է Tert.am-ի գլխավոր խմբագիր Սոնա Ապրեսովայի խոսքերը. «Թուրքական տարբերակը թողարկելուն պես մենք լսարանի 12 տոկոս աճ գրանցեցինք, ընդ որում ոչ միայն Թուրքիայից, այլեւ Հայաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից»:
Պարբերականը ներկայացնում է նաեւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արթուր Պապյանի խոսքերը. «NEWS.am-ը գործակալություն է, որն իր գործունեությունը վերջերս է սկսել: Այն հիմնվել է այս տարի: Tert. Am-ը սկսել է իր գործունեությունն անցած տարի: Երկու գործակալությունն էլ գործում եւ մրցակցում են միեւնույն շուկայի համար»:
Թուրքական Sabah թերթի խմբագիր Էրդինչ Էրգենչը իր հերթին Zaman-ին հայտնել է, թե «որպես լրագրող ինքը պետք է իմանա, թե ինչ է մտածում եւ խոսում մյուս կողմը: Իսկ դրա լավագույն ձեւը թուրքական տարբերակով հայկական կայքերն են: Եւ տխուր է, որ թուրքական կայքերը նման նախաձեռնություններ չեն ցուցաբերում եւ հայերեն տարբերակներ չունեն»:
Նշենք, որ NEWS.am գործակալությունը սկսել է իր աշխատանքները 2009թ. հուլիսից: Ներկայումս նա գլխավորում է Circle.am-ի վարկանիշը «News, Media and Reference» դասակարգմամբ եւ զբաղեցնում է 4-րդ տեղը այդ համակարգում գրանցված բոլոր կայքերի մեջ: Վերջին 30 օրվա ընթացքում գործակալության կայք են այցելել մոտ 360 հազար այցելու, որոնք դիտել են 1,3 մլն էջ:




























