Բելառուսում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների մասնակիցները հաղթահարել են առաջադրանքները։ Այս մասին ասել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Զորավարժություններն անցել են բավական կազմակերպված, հաջող։ Կատարվել են բոլոր առաջադրանքները։ Զորավարժությունների մասնակիցները ցույց են տվել պատրաստվածության բարձրագույն մակարդակ։ Մեզ համար գլխավորն այն է, որ շեշտադրենք կառավարման, կազմակերպման եւ փոխգործակցության հարցերը ստորաբաժանումների միջեւ, որոնք ներկայացնում են տարբեր զինված ուժեր, տարբեր ուժային կառույցներ եւ ՀԱՊԿ տարբեր անդամ պետություններ։ Առաջադրանքը կատարել ենք»,- ասել է Սիդորովը Բրեստի զորադաշտում։
Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսում ընթացող «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունների շրջանակում տեղի են ունեցել հինգ համատեղ եւ հատուկ զորավարժանքներ։ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժանքներում փորձարկվել են ՀԱՊԿ Արեւեմաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կարգավորման միջոցները։ Հետախուզության ստորաբաժանումները փորձարկել են նյութատեխնիկական ապահովման գործողություններ։ «Պատնեշ» հատուկ զորավարժություններում ստեղծվել է ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության եւ բուժապահովման համատեղ կազմավորում։ Փրկարար գերատեսչությունների ստորաբաժանումները գործարկել են հատուկ զորավարժանքներ։ Զորավարժություններին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ազգային զորակազմերը։ ՀԱՊԿ անդամ է նաեւ Հայաստանը։ Զորավարժություններին 2 500 զինծառայողի եւ 500 միավոր տեխնիկայի մասնակցության հայտ է ներկայացվել։ Ավարտական փուլում նախատեսվում է «Անխախտ եղբայրություն-2023թ» համատեղ զորավարժություններ անցկացնել Ղրղըզստանում։





























