Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունները ստեղծել են պայմաններ, որոնք անհրաժեշտ են ռազմական անվտանգության արդի սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր ջանքերով ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար։ Կա հստակ ըմբռնում, թե ինչ պետք է անենք մենք այսօր մեր պետությունների ռազմական անվտանգության հուսալի, երկարաժամկետ ապահովման համար»,- ասել է նա Բելառուսում սեպտեմբերի 1-6-ը կայացած «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունների ավարտի արարողության ժամանակ։
Սիդորովը նշել է, որ զորավարժությունների ընթացքում ՀԱՊԿ երկրների զինծառայողները ցուցադրել են բարձր մարտական պատրաստվածություն եւ համակարգված գործողություններ, ինչը թույլ է տվել հասնել առաջադրված նպատակներին։
«Շնորհակալություն եմ հայտնում զորավարժությունների մասնակիցներին մեծ եւ լարված աշխատանքի համար։ Հաղթանակը բաժին է ընկնում այն բանակին, որն ավելի պատրաստված սպաներ եւ զինվորներ ունի, ավելի բարձր ոգի եւ հաղթանակի ավելի ամուր կամք»,- ընդգծել է շտաբի պետը։





























