Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վանո Եղիազարյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, որի վերաբերյալ այսօր հաղորդագրություն է տարածել Հայաստանի դատախազությունը:

Դատախազության հաղորդագրությանմեջ նշվում է, որ նախկին համայնքապետը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության հանձնելու կեղծ մրցույթ է անցկացրել, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն իր հետ կնքել է հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 912 դրամ վարձավճարով: Այնուհետեւ, վերոնշյալ հողամասի 0,2 հա մակերեսով տարածքը տարեկան 480 հազար դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը:

NEWS.am-ի հետ զրույցում Վանո Եղիազարյանը հայտարարեց, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում. ««Նախ, գործը ներկայացրել են ոչ թե Լոռու մարզի առաջին ատյանի դատարան, այլ Հակակոռուպցիոն դատարան: Սա մեկ փաստական սխալ: Երկրորդ, այդ գործը, ըստ քրեական դատավարության նոր օրենսգրքի, պետք է քններ ոչ թե Լոռու մարզի քննաչականը, այլ հակակոռուպցիոնի քննչականը:

Առաջադրել են մեղադրանք, հետո էստեղ քննչականում կարճվել է: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է այդ որոշումը, ընդ որում այդ որոշումը կատարել է դրվագները շփոթելով, գործի դրվագը մեկ այլ գործի վերագրելով: Նա նշել է, որ 315 հոդվածով պետք է ինձ մեղադրանք առաջադրվի: Դատախազը, որը կարճել էր որոշումը, ստիպված 308-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրել՝ բոլորովին այլ բաներով: Ես ներկայացրել եմ փաստեր, քննիչը շրջանցել է փաստերը, ամբողջական քննություն չի կատարվել եւ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ուղարկվել է դատարան:

Սա քաղաքական հետապնդում է իմ անձի նկատմամբ; Սա առաջին դեպքը չէ, որ դատախազության պատվերը կատարում են տեղում՝ առանց լուրջ քննություն կատարելու:

Այս գործով կա վաղեմության ժամկետ, ինձ առաջարկում են վաղեմության ժամկետ, ես չեմ ընդունում, որովհետեւ այստեղ հանցակազմ չկա: Սա պարզապես քաղաքական պատվերով շոու է, եւ ինձ ներքաշում են դրա մեջ»,-ասաց նա:

Վանո Եղիազրյանը նշեց, որ ինքը նախկինում ՀՀԿ-ական է եղել, սակայն դուրս է եկել կուսակցությունից. «Ես պարբերաբար քննադատել եմ ԿԳ նախարարության գործունեությունը, մասնավորապես միջնադարյան գրականության հետ կապված վերաբերմունքը: Այդ քննադատությունը չեն կարողանում մարսել: Մասնավորապես, նախկին կրթության նախարարը չի կարողանում դա մարսի:

Վանաձորի պետական համալսարանում ինձ ազատել են պաշտոնից, այն դեպքում, որ ես միակ գրականագետ պրոֆեսորն եմ: Ռեկտորը խախտելով ներքին կարգերը, պրոֆեսորի թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարում արդեն երկրորդ անգամ: Մի անգամ դատի եմ տվել, վերականգնվել, երկրորդ անգամ են ազատել, նորից դատի եմ տալու:

Սա այն դեպքում, երբ կա ռեկտորի նկատմամբ հարուցված քրեական գործ, որ նա մի քանի մլն դրամ համալսարանին վնաս է տվել: Քանի որ ես այդ փողը ստացել եմ նրա մեղքով, նրան մեղադրանք չի առաջադրվում ռեալ պատճառած վնասի համար, իսկ ինձ 15 տարի առաջ կատարած ենթադրյալ վնասի համար մեղադրանք են առաջադրել եւ ուղարկում դատարան: Սա է այս երկիրը, սա է իրենց իրավաբանությունը»,-հայտարարեց Վանո Եղիազարյանը:

Նա ընդգծեց, որ եթե քաղաքական պատվերով մեղադրական որոշում կայացնեն, ինքը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ պահանջելու է անգամ բարոյական վնասի փոխհատուցում:

Անդրադառնալով հողի վարձակալության հետ կապված պատմությանը, նա ասաց. «2007-ի սեպտեմբերին 15 հողամասի վարձկալության աճուրդ-մրցույթ է տեղի ունեցել: Ես որպես ՀՀ քաղաքացի, մասնակցել եմ այդ մրցույթին, որը ես չեմ անցկացրել, այլ հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ես հողամասը վարձել եմ, որից 3-4 ամիս հետո վարձակալած 2 հազար մետրի 100 մետրը տվել եմ ենթավարձակալության՝ չխախտելով որեւէ օրենք:  Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունենում, շանտաժներով փորձել են այդ հողամասը հետ վերցնել, ես չեմ տվել»:

Վանո Եղիազարյանը նշեց, որ ինքն ընդամենը թույլտվություն է տվել, որ «Քարաբերդը» ենթավարձակալության տակ 38 հեկտարի 100 մետրը։ Հիշեցնենք, որ ըստ դատախազության՝ «Քարաբերդ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 38.0219 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով՝ տարեկան 467 հազար 970 դրամ վարձավճարով, տրամադրել է «Քարաբերդ» ընկերությանը: 2005 թվականի հուլիսի 7-ին «Քարաբերդ» ՍՊ ընկերությունն իրեն հանձնված նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը` տարեկան 600 հազար դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալությամբ հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը, այնուհետև՝ «Արմենթել» ՓԲ ընկերությանը: Արդյունքում՝ 2005-2012 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ: