Երեքշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում գտնվող նավթային Saudi Aramco ընկերության կենտրոնակայանի շրջանում հզոր պայթյուններ են որոտացել։
Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ շենքը կարող էր խոցված լինել, իսկ ներսում հրդեհ էր սկսվել։ Ընկերությունը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել։
Վեց աղբյուր Reuters-ին հայտնել են Aramco-ի կենտրոնակայանի մերձակայքում լսված ուժեղ պայթյունների մասին։ Ըստ նրանցից մեկի՝ շենքը հրդեհվել է։ Եվս չորս աղբյուր հայտարարել են, որ այնտեղ գտնվող մարդկանց համար կարգադրվել է տարհանում իրականացնել։
Իրավիճակին անմիջապես ծանոթ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ կենտրոնակայանը ենթարկվել է հարվածի։ Միևնույն ժամանակ առայժմ պարզ չէ՝ զինամթերքն անմիջապես դիպե՞լ է շենքին, թե վնասները կարող էին առաջացած լինել ընկած բեկորներից։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է, որ Դահրանում որսացել և ոչնչացրել են հրթիռային խոցման միջոցներ, որոնց բեկորներն ընկել են բնակելի թաղամասում։ Այլ մանրամասներ այն չի ներկայացրել։
Reuters-ի աղբյուրի տվյալներով՝ Aramco-ի աշխատակիցներին հանձնարարվել է չորեքշաբթի աշխատել տնից։
Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաք Էր-Ռիադում հնարավոր վտանգի մասին։ Դրանից հետո քաղաքում նույնպես հզոր որոտ է լսվել։
Պաշտոնական իշխանությունները և Saudi Aramco-ն ընկերության կենտրոնակայանին հնարավոր հարվածի հանգամանքներն առայժմ չեն հաստատել։





























