Հռոմի Լևոն XIV պապի թոքում գտնվող փոքր հանգույցի հեռացման վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է։ Քահանայապետը վերադարձել է Հռոմի «Ջեմելլի» կլինիկայի իր հիվանդասենյակ, հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։
«Վիրահատությունն անցել է հաջողությամբ, նախատեսված ժամկետներում և ըստ ծրագրի։ Սրբազան հայրը իր հիվանդասենյակ է վերադարձել»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։ Պապի առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն խոստացել են տրամադրել ավելի ուշ։
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, 71-ամյա Լևոն XIV-ը տեղափոխվել է Հռոմի Ագոստինո Ջեմելլիի անվան համալսարանական կլինիկա, որտեղ նրան վիրահատել են՝ գոյացությունը հեռացնելու համար։ Միջամտությունն իրականացրել է կրծքային վիրաբույժների թիմը՝ պրոֆեսորի ղեկավարությամբ։
Թոքում հանգույցի առկայության մասին քահանայապետը հայտնել էր հոկտեմբերի 11-ին՝ կիրակնօրյա «Անջելուս» աղոթքից հետո։ Ըստ նրա՝ գոյացությունը հայտնաբերվել էր վաղ փուլում՝ վերջերս անցկացված բժշկական հետազոտությունների ընթացքում։ Բժիշկները խորհուրդ էին տվել հեռացնել այն, և պապը որոշել էր հետևել նրանց խորհրդին։
Միևնույն ժամանակ, Վատիկանը դեռ չի հայտնել՝ գոյացությունը բարորա՞կ է, թե՞ չարորակ։ Reuters-ի տվյալներով՝ վիրահատությունը պետք է օգնի բժիշկներին որոշել հետագա քայլերը և լրացուցիչ բուժման անհրաժեշտությունը։
Ակնկալվում է, որ Լևոն XIV-ը հիվանդանոցում կանցկացնի մոտ մեկ շաբաթ։ Նրա մասնակցությամբ բոլոր հանրային միջոցառումները չեղարկվել են մինչև հոկտեմբերի 20-ը։





























