Երեքշաբթի Տիրանայում՝ Ալբանիայի կրթության նախարարության շենքի մոտ անցկացվող ուսանողական բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների, հաղորդում է Balkan Insight-ը։
Ցուցարարները շենքի վրա քարեր և ձվեր են նետել, իսկ իրավապահները ամբոխը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել է 23 մարդ, վեց ոստիկան վիրավորվել է։
Ակցիան անցկացվել է շարունակվող հակակառավարական բողոքների շրջանակում, որոնք հայտնի են որպես «Ֆլամինգոյի հեղափոխություն»։ Մասնակիցները վանկարկել են վարչապետ Էդի Ռամայի կառավարության դեմ ուղղված կարգախոսներ և պահանջել բարելավել ուսումնական հաստատություններում պայմանները ու մեծացնել ուսանողներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
«Մենք գալիս ենք Տիրանա սովորելու, բայց ստիպված ենք ոչ թե սովորել, այլ աշխատել»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ոստիկանության վարկածով՝ ցուցարարների մի մասը վնասել է նախարարության արտաքին ցանկապատն ու մուտքի դարպասները՝ փորձելով ներթափանցել ներքին բակ։ Այնուհետև մասնակիցները քարեր և այլ կոշտ առարկաներ են նետել շենքի պատուհանների ու ճակատի ուղղությամբ։ Իրավապահների հայտարարության մեջ նաև պնդվում է, որ հարձակումները դադարեցնելու կոչերից հետո բողոքողները հարձակվել են ոստիկանների վրա՝ նետելով հրկիզիչ խառնուրդով շշեր, բանկաներ, քարեր և այլ առարկաներ։
Ալբանիայի լրագրողների ասոցիացիան հայտարարել է, որ ակցիայի ցրման ժամանակ տուժել է լրագրող, իսկ նկարահանող խմբերից մեկին խոչընդոտել են լուսաբանել բողոքը։ Կազմակերպությունը ոստիկանությանը կոչ է արել անհապաղ դադարեցնելու լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումները և վերահսկիչ մարմնից և դատախազությունից պահանջել է հետաքննություն անցկացնել։
Ալբանիայի փոխվարչապետ Ալբանա Քոչիուն Facebook-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է բողոքողի բախումը ոստիկանների խմբի հետ։ Նա հայտարարել է, որ բռնությունը չի եղել և երբեք էլ չի դառնա խնդիրների լուծում։
«Ֆլամինգոյի հեղափոխությունը» միավորել է պահպանվող բնական գոտիներում շինարարության ծրագրերի դեմ բողոքողներին։ Ցուցարարները նաև պահանջում են Ռամայի հրաժարականը՝ նրա կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի և որոշումների ընդունման անթափանցիկության մեջ։
Տիրանայում բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 31-ին՝ Զվերնեցում զբոսաշրջային համալիրի կառուցման դեմ բողոքի ցույցի ժամանակ մասնավոր պահպանության աշխատակիցների՝ մի մարդու վրա հարձակման հաջորդ օրը։ Պահպանվող գոտում նախատեսվող էլիտար զբոսաշրջային օբյեկտի նախագիծը կապում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։




























