Մոտակա չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, արդեն երկրորդ անգամ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությամբ եթեր չի հեռարձակվի շաբաթը մեկ անգամ, 30 րոպեանոց հայալեզու տեղեկատվական «Մոամբե» ծրագիրը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին պարզաբանել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության ազգային փոքրամասնությունների տեղեկատվական հեռարձակման պատասխանատու աշխատակիցը, դադարը ժամանակավոր բնույթ է կրում եւ պայմանավորված է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինմամբ: Աղբյուրը նաեւ նշել է, որ հեռարձակման ժամանակավոր դադարը վերաբերում է նաեւ այլ ազգային փոքրամասնությունների հաղորդումներին: Եթեր չեն հեռարձակվում «Մոամբե»-ի ռուսերեն, ադրբեջաներեն, աբխազերեն եւ օսերեն լեզուներով հաղորդումները:
Միեւնույն ժամանակ, Վրաստանի Հանրային ռադիոյի առաջին ծրագրի հայերենով լուրերը, եթեր են հեռարձակվում նախկին ռեժիմով`երեկոյան 20.30, աշխատանքային օրերին:
NEWS.am-ը հիշեցնում է, որ մինչ տեխնիկական վերազինումը, շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող 30 րոպեանոց հայերենով «Մոամբե» ծրագիրը, Վրաստանի Հանրային հեռուստաընկերությամբ եթեր էր հեռարձակվում չորեքշաբթի օրերին՝ 14.30: Այն հաղորդում էր շաբաթվա լրատվությունը, ինչպես նաեւ ռեպորտաժներ երկրի հայ համայնքի կյանքի վերաբերյալ:




























