Հնարավոր համարում եմ, որ Արդարադատության նախարարությունից դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու ֆունցկիան վերցվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:
Նշենք, որ ընդհանուր ժողովին ընտրելու են Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների: Հանձնաժողովի չորս անդամի՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանի, Հովիկ Շահնազարյանի, Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի եւ դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի լիազորությունները դադարել են՝ հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ժողովը պետք է որ հանդարտ ընթացք ունենա, բացառությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի թեկնածության քվեարկության, որի առաջադրման հետ խնդիր են տեսել Բարձրագույն դատական խորհրդում, ԲԴԽ-ն փորձել է այլ անդամների թեկնածություններ առաջադրել, սակայն չի ստացվել:
Հովհաննիսյանն ասաց, որ այդ տեղեկությանը ծանոթ է մամուլից. «Ես գիտեի, որ կար մեկ թեկնածու քրեական մասնագիտացմամբ, բայց ես դա չեմ դիտարկում, որ նա իմ դեմ է դրել, ինչպես ես, այնպես էլ մյուս դատավորները առաջադրվելու իրավունք ունեն: Ես ԲԴԽ-ի հետ խնդիր չունեմ: Չգիտեմ՝ ինձ սիրում են, թե՝ ոչ: Ես շատ ուրախ եմ, որ ոչ մեկի թեկնածուն չեմ այս հանձնաժողովում: Ես օրենքով առաջադրված թեկնածու եմ եւ դրանով պայմանավորված ինչպես անկաշկանդ աշխատել եմ, այդպես էլ կշարունակեմ աշխատել»:
Դատավորի խոսքով՝ այդ հանձնաժողովը կարեւոր է, քանի որ այդտեղ գնահատվում է դատավորների գործունեությունը. «Դա շատ բարդ է, քանի որ դու գնահատում ես քո պես մեկ այլ դատավորի գործունեությունը: Այս հանձնաժողովում պետք է լինի մարդ, ով ունի սկզբունքայինություն, ներքին անկախություն, կամային բարձր հատկանիշներ: Պետք է կարողանաս տարանջատել էական սխալը ոչ էական սխալից, հետեւանք առաջացնող սխալը ոչ հետեւանք առաջնացողից»:





























